Արագաչափերի ու տեսախցիկների արձանագրած անհիմն տուգանքները վարորդները կարող են չվճարել ու դիմել դատարան, նրանց կաջակցի արագաչափերի, տեսախցիկների եւ կարմիր գծերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Երեւանի Նոր Նորքի 6-րդ զանգվածում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դիմացից մեկնարկած եւ Էրեբունի համայնքում ավարտված արագաչափերի, տեսախցիկների եւ կարմիր գծերի դեմ պայքարող 6-րդ ավտոերթի ժամանակ իրազեկեցին նախաձեռնության անդամները:
«Եկած ակտերի 90 տոկոսը չհիմնավորված են գալիս՝ կամ ծուղակներ են լինում, կամ չնչին խախտումներ, որ պետք է ներվեն: Պետք է բոլոր վարորդները միավորվեն եւ չվճարեն տուգանքները: Դատարան դիմելու դեպքում տուգանքը չի կրկնապատկվում, գումար չի ավելանում այդ ընթացքում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավտոերթի մասնակից Արտեմ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ դատարան դիմելու դեպքում «Դուրս մեր գրպանից» շարժումը ցանկացողներին կաջակցի. «Իրավաբանների եւ ծախսերի հարցով, յուրաքանչյուրը համապատասխան աջակցություն կստանա»:
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները տեղեկացրին, որ շարժման հաջորդ՝ 7-րդ երթը լինելու է մարզային. օգոստոսին նախատեսված է իրազեկման երթ անցկացնել Կոտայք եւ Գեղարքունիք մարզերում:











