ԱՄՆ վարչակազմը դեմ է Կոնգեսի կողմից Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելուն, քանի դեռ բանակցությունները շարունակվում են: Այս մասին հինգշաբթի հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:

«Ջոն Քերրին չի սատարում Իրանի միջուկային ծրագրի առիթով նոր պատժամիջոցներ սահմանելու գաղափարը, քանի որ այդ անարդյունավետ կլիներ բանակցությունների համար»,- Twitter-ում գրել է Հարֆը:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ներկայում Վիեննայում Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» միջեւ բանակցությունների հերթական փուլն է ընթանում:

Ըստ 2013 թվականի նոյեմբերին Ժնեւում ձեռք բերված համաձայնության, Թեհրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) պետք է մինչեւ հուլիսի 20-ը համաձայնագիր մշակեն Իրանի միջուկային ծրագրի՝ բացառապես խաղաղ բնութի երաշխիքների մասին: Փոխարենը աստիճանաբար նվազելու են Թեհրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները՝ մինչեւ լիարժեք վերացում: Ընդ որում, ենթադրվում է, որ եթե կողմերը չկարողանան պահպանել ժամկետները, փաստաթղթի պատրաստման գործընթացը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ: