Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը այսուհետ ղեկավարելու է ոչ թե խմբակցության նեկայիս ղեկավարը՝ Արման Վարդանյանն, այլ խմբակցության այլ ներկայացուցիչ։ Արման Վարդանյանը կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առաջարկով անցնելու է այլ աշխատանքի։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արման Վարդանյանն այս կապակցությամբ ասաց. «Կուսակցության ղեկավարի կողմից առաջարկ է եղել հանձն առնել կուսակցության պատասխանատու ուղղություններից մեկը, որին ես համաձայնել եմ։ Դեռեւս վերջնականապես ճշտված չէ, թե որ ուղղությանն է լինելու դա, քանի որ դեռ մինչեւ սեպտեմբեր աշխատելու ժամանակ ունենք ու մինչեւ ավագանու նստաշրջանի ավարտին դեռեւս երեք ամիս ժամանակ կա»։ Վարդանյանն ասաց, որ որեւէ արտառոց բան չկա, շարունակում է աշխատել խմբակցության ղեկավարի պաշտոնում եւ հետագայում էլ, երբ տեղափոխվի այլ աշխատանքի, շարունակելու է օգնել իր թիմակից ընկերներին։ «Շարունակելու եմ լինել ավագանու ԲՀԿ խմբակցության անդամների կողքին եւ իմ փորձով ու գիտելիքներով աջակցելու եմ խմբակցության աշխատանքներին»,- նշեց նա։
Հարցին, ճի՞շտ են այն լուրերը, ըստ որոնց իրեն ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից ետ կանչելու որոշումը Գագիկ Ծառուկյանը կայացրել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պահանջով։ «Ես նման տեղեկություններ չունեմ, որ հարցը քննարկվել է նման պահանջով։ Հարցը քննարկվել է կուսակցությունում։ Այդ հարցը երկար ժամանակ՝ մոտ մեկ ամիս է, ինչ քննարկվում է։ Մեր կուսակցության ղեկավարն առաջարկել է այս մոդելը եւ դա ինձ համար շատ նորմալ ու ընդունելի առաջարկ է։ Ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանի պահանջի մասին հարցադրմանը, դա ինձ համար անհասկանալի է»,-արձագանքեց Վարդանյանը։
Նշենք, որ դեռեւս հանտնի չէ, թե ով է Արման Վարդանյանին փոխարինելու ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում։ «Ով էլ փոխարինի՝ լինելու է ավագանու խմբակցության իմ երիտասարդ գործընկերներից մեկը։ Ավագանու անդամները բացի իմ գործընկերները լինելուց, նաեւ իմ շատ մտերիմ ընկերներ են, որոնց հետ ես շարունակելու եմ աշխատել ու օգնել նրանց»,-նկատեց Վարդանայնը։ Ավագանու ԲՀԿ խմբակցության նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա եկող սեպտեմբերին։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին Երեւանի ավագանու ԲՀԿ-ական մեկ այլ անդամ՝ Նատալյա Լափաուրին սեփական դիմումի համաձայն վայր դրեց իր մանդատը՝ անցնելով այլ աշխատանքի։


























