ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան է նախօրեին Դոնեցկի մարզում մալայզիական Boeing 777-ի կործանման պատճառը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Անշուշտ, պետությունը, որի տարածքում դա տեղի է ունեցել, պատասխանատվություն է կրում այս ահավոր ողբերգության համար», - տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ հայտարարել է Պուտինը: Նա առաջարկել է խորհրդակցությունը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգել վթարի զոհերի հիշատակը:
ՌԴ նախագահի խոսքով՝ «ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե այդ տարածքում խաղաղություն տիրեր, Ուկրաինայի հարավ-արեւելքում չվերսկսվեին մարտերը»:
Նախագահը նաեւ կառավարությանը հանձնարարել է անել ամեն հնարավորը՝ աղետի անկողմնակալ պատկերը ստանալու համար:
Նա կրկին Ռուսաստանի ղեկավարության եւ կառավարության անունից ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին եւ այն պետությունների կառավարություններին, որոնց քաղաքացիներից կային զոհերի շարքում:





























