Թուրքիայի շատ քաղաքներում հուլիսի լույս 18-ի գիշերը բողոքի ցույցեր են կայացել՝ ուղղված Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողության դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Hurriyet-ը:
Ցուցարարների մի խումբ հավաքվել էր Լեւենտ քաղաքում Իսրայելի հյուպատոսության մոտ: Նրանք Պաղեստինի դրոշներ էին թափահարել եւ հակաիսրայելյան կոչեր հնչեցրել: Ոստիկանությունը չի միջամտել այնքան ժամանակ, քանի դեռ չեն կոտրել հյուպատոսության դռները եւ ներխուժելու փորձեր կատարել:
Այդ ժամանակ գործի են դրվել ջրցաններն ու արցունքաբեր գազը:
Անկարայում հազար հոգանոց ամբոխ է հավաքվել Իսրայելի դեսպանի նստավայրի մոտ: Շենքի վրա քարեր են նետել, կոտրել են պատուհանները եւ Պաղեստինի դրոշն ամրացրել նստավայրի այգու արգելապատնեշին:
Ոստիկանները հսկել են, որպեսզի ցուցարարները չներխուժեն շենք, սակայն չեն միջամտել ցույցի անցկացմանը:
Ադանայում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության շենքի դիմաց մամուլին ուղղված կոչ են ընթերցել: Ադանայում եւ Իզմիրում ցուցարարները Ղուրան են ընթերցել, ինչից հետո հակաիսրայելյան կոչեր են հնչեցրել:





























