2009 թվականին 14,4 տոկոս տնտեսական անկման մեջ 11,4 տոկոսը պայմանավորված է եղել շինարարության ոլորտի անկմամբ: Այսօր` հունիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով, պետք է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, որպեսզի հետագայում նման խնդրի առաջ չկանգնենք:
Հարցին, թե արդյո՞ք նախքան ճգնաժամը կառավարությունում չգիտեին, որ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտություն կա, Գ. Մինասյանը պատասխանեց. «Շինարարությունը հենց այն ոլորտն էր, որի պատճառով մեր տնտեսական անկումը դարձավ 14,4 տոկոս: Բայց շինարարությունը նաեւ այն ոլորտն էր, որ տարիների ընթացքում, երբ ունեինք շրջափակում, երբ ապրանքները շատ ավելի թանկ էին հասնում Հայաստան, ապահովել է մեր տնտեսական աճի առյուծի բաժինը»:
Նրա ներկայացմամբ, տնտեսության մեջ շինարարության այդպիսի մեծ ծավալը որեւէ մեկի կամքը չի եղել, այլ ստեղծված վիճակի արդյունքն է եղել: «Փողը գնում է այնտեղ, որտեղ մեծ վերադարձելիություն ունի: Մեկի չար կամքով չէր, որ շինարարությունը այդպիսի մեծ տոկոս ուներ տնտեսական համալիրում: Խնդիրն այլ է. Եթե այդ ոլորտն իր բարի ծառայությունները մատուցել է, ապա մենք պետք է դիվերսիֆիկացնենք տնտեսությունը, որպեսզի հետագայում նա իր չար ծառայությունները չմատուցի»,- ասաց նա:


























