ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ մալայզիական օդանավի աղետի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Բեռլինի մամուլի ասուլիսում նա ընդգծել է Ուկրաինայում շուտափույթ հրադադարի անհրաժեշտությունը՝ կատարվածի անկողմնակալ քննությունն ապահովելու համար, հայտնում է Reuters-ը:
Մերկելը նաեւ հայտարարել է, որ ռուսամետ ակտիվիստները լավ զինված են եւ զենքի մի մասը Ռուսաստանից է ուղարկվել:
«Նշաններ կան, որ Ուկրաինայի ռուսամետ ակտիվիստները լավ զինված են եւ ազատ անցնում են Ռուսաստանի սահմանը: Այդ զենքի մի մասը մատակարարված է Ռուսաստանից», - հայտարարել է Մերկելը:
Միաժամանակ Անգելա Մերկելը Ռուսաստանին կոչ է արել օժանդակել Ուկրաինայում քաղաքական կարգավորմանը:
«Իրադարձությունները ցույց են տվել, որ պետք է քաղաքական լուծում գտնել: Ես ոչ մի այլընտրանք չեմ տեսնում, բացի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսելուց: Մեր գործընկերությունում բարդություններ կան, եւ մենք պետք է հաղթահարենք դրանք», - ասել է կանցլերը:





























