Սինգապուրի իշխանությունները երկրի Ազգային գրադարանին թույլ չեն տվել ոչնչացնել երկու մանկական գրքեր, որոնց սյուժեն շոշափում է նույնասեռական հարաբերությունների թեման: Այս մասին գրում է Лента.Ру-ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին:
Տեղեկատվության նախարար Յակոբ Իբրահիմը կարգադրել է դրանք մանկական բաժնից տեղափոխել մեծահասակների բաժին: Նրա խոսքով, այդ գրականության հասանելիությունը պետք է թողնել ծնողներին:
Գեյ-թեմատիկայով գրքերից մեկը՝ «Ով կա իմ ընտանիքում» վերնագրով, գրադարանը հասցրել է ոչնչացնել: Մեծահասակների բաժին են փոխանցվելու «Տանգո երեքով» ստեղծագործությունը, որը պատմում է երկու արու պինգվինների մասին, ովքեր Նյու Յորքի կենդանաբանական այգում ձագուկ են մեծացնում, ինչպես նաեւ ««Ճերմակ կարապ» ճեպընթաց» ստեղծագործությունը, որը նույնասեռական ընտանիքում երեխաների որդեգրման մասին է:
Անցյալ հանգստյան օրերին շուրջ 400 մարդ հավաքվել է Ազգային գրադարանի մասնաճյուղերից մեկում, ովքեր ի նշան բողոքի իրենց երեխաների համար կարդացել են արգելված թեմայով գրքերը:
Նշենք, որ Սինգապուրում արգելված են նույնասեռական հարաբերությունները: Արգելքը խախտողները պատժվում են մինչեւ 2 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Երկրում բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործություններ արգելված են, օրինակ՝ ամերիկյան կոմիքսների «Արչի» շարքը, քանի որ դրանցում երկու տղամարդու ամուսնություն է պատկերված:





























