Ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» (ԴԺՀ) իշխանությունները մտադիր են բռնագրավել Դնեպրոպետրովսկի նահանգապետ, ուկրաինական օլիգարխ Իգոր Կոլոմոյսկիի սեփականությունը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԴԺՀ վարչապետ Ալեքսանդր Բորոդայը:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ նահանգապետին պատկանող «Պրիվատբանկ»-ի, ինչպես նաեւ մյուս կառույցների աշխատանքը Դոնեցկի հանրապետության տարածքում դադարեցվել է: Բորոդայը հստակեցրել է, որ «այդ որոշումն ընդունվել է, քանի որ օլիգարխ Կոլոմոյսկին այն մարդկանցից մեկն է, ով պատասխանատվություն է կրում պատերազմ հրահրելու համար»: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկին մտադիր է Ռուսաստանի դեմ դատական հայց ներկայացնել միջազգային ատյաններում՝ Ղրիմի տնտեսությունում կատարած ներդրումները կորցնելու պատճառով: