ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովը այսօր` հունիսի 10-ին գումարել է իր առաջին նիստը, որտեղ կրկին ԱԺ նախագահ է ընտրվել Աշոտ Ղուլյանը: Հատկանշանակ է, որ նրա գլխավորած «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» մայիսի 23-ին կայացած խորհրդրանական ընտրություններում գրավել է երկրորդ տեղը` հավաքելով 28,6 տոկոս ձայն, սակայն առաջին տեղը գրաված «Ազատ հայրենիք» կուսակցությունը համաձայնել է, որ ԱԺ նախագահը իրենց կուսակցությունից չլինի: Նշենք, որ 33 հոգանոց խորհրդարանում Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ունի ընդամենը 8 մանդատ:
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Բացի այդ, ԱԺ աշխատանքները օրհնել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը: Նիստին մասնակցել է նաեւ Ֆրանսիայի խորհրդանի պատվիրակությունը, որոնց ներկաները դիմավորել են բուռն ծափահարություններով:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին կայացած ԼՂՀ ԱԺ ընտրություններում համամասնական ընտրակարգով խորհրդարան են անցել 3 կուսակցություններ. «Ազատ Հայրենիքը»` 46,4 տոկոս, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 28,6 տոկոս եւ ՀՅԴ-ն` 20,2 տոկոս:


























