Հերթական անգամ 20-րոպեանոց ընդմիջում է խնդրել ՀՅ Դաշնակցություն խմբակցությունը: Այդ փաստը զայրացրել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով հայտարարել է, թե թույլ չի տա տապալել խորհրդարանի աշխատանքը, ճնշում գործադրել ԱԺ ղեկավարության վրա, եւ կոչ է արել նորմալ շարունակել աշխատանքը: 

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ի պատասխան նշել է, թե խորհրդարանի ոչ մի կուսակցություն չի հասել շիզոֆրենիայի այնպիսի աստիճանի, որ տապալի օրենսդիր մարմնի աշխատանքը:

«Եթե մենք ցանկանայինք անել դա, լավ փորձ ունենք նախորդ գումարումների խորհրդարաններից: Մենք կգրավեինք ամբիոնը եւ թույլ չեինք տա մի քանի օր դրան մոտենալ ելույթ ունեցող պատգամավորներին եւ նախարարներին»,- ասել է նա:

Նշենք, որ երրորդ գումարման խորհրդարանում ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը գրավել էր ամբիոնն ու մի քանի օր թույլ չէր տալիս պատգամավորներին մոտենալ դրան:

Քննարկումներին զուգահեռ ընթանում է օրենքի հակառակորդների բողոքի գործողությունը, նրանք պահանջում են օրակարգից հանել օրինագծերը, որոնք թույլատրում են Հայաստանում օտարալեզու դպրոցների բացում, եւ պահանջում են կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականը:

Օրինագծերը նախատեսում են փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» եւ «Ընդհանուր կրթության մասին» օրենքներում եւ հանել 90-ականներին մտցված արգելքը օտարալեզու դպրոցների դեմ: