Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստում վավերացրել է Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը: Այն ընդունվել է միաձայն՝ 123 քվեով:
Խորհրդարանի նիստին ներկա են եղել նաեւ Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները: Ըստ Грузия Online-ի, փաստաթղթի վավերացումը նշել են տոնական մթնոլորտում:
Համաձայնագիրը կարելի է բաժանել երեք մասի. քաղաքական համագործակցություն, ոլորտային համագործակցություն ու խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի (DC FTA - Deep and Comprehensive Free Trade Agreement): Առեւտրի գոտու մասին պայմանագիրը, որն Ասոցացման համաձայնագրի մաս է, ներառում է սակագնային ու ոչ սակագնային արգելքների վերացում եւ առեւտրի հետ կապված հարցերի լայն շրջանակի կարգավորում:
Թբիլիսիում ակնկալում են, համաձայնագրի մեծ մասն ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերից:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ստորագրեցին Եվրամիության Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը:





























