Ադրբեջանցի նույնասեռականները ցանկանում են դատի տալ Արդարադատության նախարարությանը: Turan գործակալության փոխանցմամբ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների «Նեֆես» ալյանսը մտադիր է այդ անել՝ պետական գրանցում ստանալու փորձերի ձախողման պատճառով:
Ալյանսի հայտարարությունում նշվում է, որ գրանցման դիմումը նախարարության համապատասխան վարչություն ներկայացրել են մայիսի 19-ին: Սակայն ոչ մի պատասխան, նույնիսկ՝ մերժում, մինչեւ հիմա չեն ստացել:
Միաժամանակ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների ալյանսը մտահոգություն է հայտնել, որ ոչ մի իրավաբան չի համաձայնում ինքնակամ օգնել իրենց:
Ալյանսը միջազգային կազմակերպություններից խնդրում է աջակցել եւ ճնշում գործադրել կառավարության վրա՝ երկրի ստանձնած պարտավորությունները կատարելու համար: Կազմակերպությունը Արդարադատության նախարարությունում գրանցվելու ապարդյուն փորձեր է կատարում 2012 թվականից:





























