Աստղաձորցիները նախագահականի առջեւ հավաքվել են՝ պահանջելու, որպեսզի հետ վերադարձնեն իրենց արոտավայրերը, որը կառավարությունը, 2005 թվականի որոշմամբ, պատրաստվում է տրամադրել հարեւան Գեղահովիտ գյուղի բնակիչներին։
«Գյուղացին մի հատ անասուն ա պահում, գյուղացուն էդ մի անասունից էլ են ուզում կտրեն, գյուղացիներն էլ ինչո՞վ ապրեն, ավելի լավ ա գնամ Ադրբեջան ապրեմ, քան թե մնամ Հայաստանում, Հայաստանն ինձ համար ի՞նչ ա անում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բողոքեց նախագահական նստավայրի առջեւ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակից, Աստղաձոր գյուղի բնակիչ Վլադիկ Գեւորգյանը:
«20 թվականից մինչեւ հիմա այդ արոտավայրերը պայմանագրով մենք ենք օգտագործել, նույնիսկ գերեզմանոց կա այդտեղ: Հիմա եթե խոտի դաշտերը վերցնում են, գյուղացին ի՞նչպես կարող է առանց անասուն պահելու ապրել»,-վրդովված նշեց աստղաձորցի Էդիկ Գեւորգյանը՝ հավելելով, որ անասնապահությունը իրենց ապրուստի միակ միջոցն է:
Կառավարության նման որոշման պատճառը, ըստ աստղաձորցիների, այն է, որ արոտավայրերը գտնվում են գյուղից 20 կմ հեռավորության վրա եւ շփման սահման չունեն գյուղի հետ:
Գյուղի մի քանի ներկայացուցիչները եւ գյուղապետը ներկայումս գտնվում են նախագահական նստավայրում:
«Եթե համարժեք պատասխան չեղավ, 5000 բնակչություն ունեցող գյուղ ա, սաղ դուրս կգանք, ճանապարհները կփակենք»,-նշեցին աստղաձորցիները:


























