Ոմն չինացի գործարարը 500 հազար դոլար է վճարել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ նրա կնոջ՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ ընթրելու համար, հաղորդում է New York Post
Հայտնիների հետ ընթրելու բարեգործական ինտերնետ-աճուրդը կազմակերպել էր Charitybuzz ամերիկյան կազմակերպությունը:
Թերթի տվյալներով՝ հավաքված միջոցները կուղղվեն Քլինթոնների բարեգործական հիմնադրամին, որի հիմնական ուղղություններից են աղքատության եւ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը, զարգացող երկրներին օգնությունը, ինչպես նաեւ տարերային աղետների հետեւանքների չեզոքացումը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ընթրիքին կարող են մասնակցել 2 անձ: New York Post-ին հայտնի է դարձել, որ գործարարը ցանկացել է բացի կնոջից, ընթրիքին ներկայանալ երկու երեխաների հետ, ինչին Քլինթոնները պատասխանել են, որ այդ դեպքում ընթրիքը կարժենա 1 մլն ԱՄՆ դոլար: «Ամուսինները որոշել են երեխաներին տանը թողնել», - նշում է թերթը:
Պայմանագրի պայմաններով՝ Քլինթոնների հետ ընթրիքի տեւողությունը 45 րոպեից մինչեւ մեկ ժամ է: Այսպիսով, ԱՄՆ-ի 42-րդ նախագահի եւ նրա կնոջ ընկերակցության մեկ րոպեն արժե 8300 ԱՄՆ դոլար:
Հիլարի Քլինթոնը համարվում է 2013թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուներից մեկը, սակայն նախկին պետքարտուղարը պնդում է, որ դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ արդյոք Սպիտակ տան համար մղվող պայքարին, թե ոչ:





























