Եվրապոլի առնվազն մեկ փորձագետ կմիանա Ինտերպոլի թիմին՝ Ուկրաինայի արեւելքում մալայզիական օդանավի վթարի զոհերի ինքնությունը պարզելու համար, հաղորդվում է  Եվրապոլի  կայքում։ Մասնագետներն Ուկրաինա կժամանեն առաջիկայում։

«Եվրապոլն ակտիվորեն կօգնի Ինտերպոլի թիմին։ Մենք մեր ուժերի սահմաններում կանենք ամեն ինչ, որպեսզի օգնենք սարսափելի միջադեպից հետո անհրաժեշտ  աշխատանքներում», - Եվրապոլի ղեկավար Ռոբ Ուեյնռայթի խոսքերն է մեջբերում կայքը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Malaysia Airlines-ի Boeing-777 օդանավը վթարի էր ենթարկվել Հուլիսի 17-ին Ուկրաինայի արեւելքում։ Զոհվել էր 298 մարդ։

Շաբաթ օրը մալայզիական ավիաընկերությունը հրապարակել է զոհված ուղեւորների քաղաքացիությունը։ Նույն օրը ԵԱՀԿ մասնագետները ողբերգության վայրում վիճակի դիտարկում են սկսել։

Հուլիսի 19-ին նաեւ հայտնի դարձավ, որ Մալայզիան Ուկրաինա կուղարկի փորձագետների մեծ խումբ՝ ավիավթարի հանգամանքները հետաքննելու համար։