«R.J. Reynolds Tobacco» ծխախոտի ընկերությունը, որը մեծությամբ երկրորդն է ԱՄՆ-ում, մահացած ծխողի այրուն 23 միլիարդ դոլար կվճարի: Նման որոշում, ինչպես հաղորդում է BBC News-ը, հուլիսի 20-ին ընդունել է Ֆլորիդայի դատարանը:

Սինտիա Ռոբինսոնը՝ Մայքլ Ջոնսոնի այրին, ով 36 տարեկանում մահացել է թոքերի քաղցկեղից, դատական հայց է ներկայացրել ծխախոտ արտադրող ընկերության դեմ 2008թ.-ին: Փենսաքոլա քաղաքի բնակչուհին պնդում էր, որ ամուսինն ավտոբուսի վարորդ էր, ավելի քան 20 տարվա ընթացքում օրական 20 տուփ ծխախոտ էր ծխում: «Նա չէր կարողանում թողնել վատ սովորությունը: Նա ծխել է նույնիսկ իր մահվան օրը, 1996թ.-ին»,- հայտարարել է հայցվորի փաստաբանը:

Դատական լսումները 4 շաբաթ շարունակվում էին: Փաստաբանները պնդում էին, որ ծխախոտային ընկերությունը բավական քանակությամբ տեղեկություններ չի ներկայացրել ծխելու վնասակարության եւ կախվածության մասին: Սկզբում երդվյալ ատենակալները որոշել են, որ «R.J. Reynolds Tobacco»-ն պետք է վճարի այրուն, ինչպես նաեւ նրա որդուն համապատասխանաբար 7.3 եւ 9.6 մլն դոլար: Սակայն լրացուցիչ 7 ժամ տեւողությամբ լսումների արդյունքում վերջնական գումարը կազմել է 23.6 մլրդ դոլար:

Ընկերության փոխնախագահ Ջեֆրի Ռեբորնը խոստացել է բողոքարկել այդ «ապշեցուցիչ որոշումը»: