Եգիպտոսի ԱԳ նախարարությունը կանչել է Թուրքիայի գործերի հավատարմատարին՝ Իսրայելի եւ պաղեստինյան խմբավորումների միջեւ ռազմական հակամարտությունը կարգավորելու շուրջ Կահիրեի դերի մասին թուրքական իշխանությունների քննադատության պատճառով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:
Շաբաթվա սկզբին Եգիպտոսը հանդես էր եկել խաղաղ նախաձեռնությամբ, որը հրադադար եւ կողմերի միջեւ բանակցություններ էր նախատեսում: Իսրայելն ընդունել էր հրադադարի առաջարկը, սակայն երկարատեւ քննարկումներից հետո ՀԱՄԱՍ շարժումը մերքել էր ծրագիրը՝ այդ մասին պաշտոնապես տեղեկացնելով եգիպտական իշխանություններին:
Հուլիսի 19-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել Եգիպտոսի իշխանություններին ուղղված կտրուկ մեկնաբանություններով՝ երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին անվանելով «բռնակալ» եւ ասելով, թե «զինադադարի շուրջ բանակցություններում չի կարելի հույս դնել Կահիրեի վրա»: Հուլիսի 20-ին երկրի արտգործնախարարությունում թուրքական դիվանագետին հայտարարել են, որ Եգիպտոսը «մերժում է Թուրքիայի ղեկավարության վրդովեցուցիչ հայտարարությունը»:
Հիշեցնենք, որ թուրք-եգիպտական հարաբերությունները վատթարացել են Եգիպտոսի նախագահ Մուհամմես Մուրսիի պաշտոնանկությունից եւ դրան հետեւած արյունալի բախումներից հետո: Թուրքիայի վարչապետը կոշտ քննադատություն էր հնչեցրել պաշտոնանկ արված նախագահի կողմնակիցների հանդեպ եգիպտական զինվորականների գործողությունների առիթով:





























