«Իսլամական պետություն» խմբավորումը գրավել է Իրաքի հյուսիսում գտնվող կաթոլիկ Սուրբ Բենհամի մենաստանը եւ այնտեղից դուրս քշել բոլոր  վանականներին, փոխանցում է «Ֆրանս Փրեսս» գործակալությունը` վկայակոչելով  վանականներին:

Կիրակի գրոհայինները հարձակվել էին Բահդիդ քաղաքի հարեւանությամբ Սիրիայի ուղղափառ եկեղեցու կողմից  մ.  թ.  չորրորդ դարում կառուցված վանքի վրա (մյուս անվանումն է Կարա Կոշ):

«Սա այլեւս ձեր տեղը չէ, դուք պետք է այն անմիջապես լքեք», — գրոհայինների խոսքերն է մեջբերում վանականներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսուլի քրիստոնյաները ստիպված են փախել  քաղաքից` գրոհայինների պահանջի պատճառով. «Իսլամական պետությունը» պահանջել է, որպեսզի իրենց վերահսկած տարածքներում բոլոր բնակվողները ամսական 250 դոլար հարկ վճարեն կամ էլ լքեն տները, այլապես նրանց մահապատիժ է սպառնում:

Գրոհայինների կողմից հալածվում  են նաեւ Իրաքի մյուս փոքրամասնությունները` շիաները, շաբակները եւ եզդիները: Հուլիսի 20-ին նաեւ փոխանցվել էր, որ ջիհադիստները ոչնչացրել են քաղաքի եւս մեկ տեսարժան վայր` 1800 տարի առաջ կառուցված մի եկեղեցի: