Կանադան նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ կապված Դոնեցկի մարզում «Malaysia Airlines» ավիաընկերության «Boeing 777»-ի  վթարի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «CTV News»-ը, հայտարարել է Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը: Այլ մանրամասներ նա չի հաղորդել, ընդ որում նշելով, որ հետագա տեղեկությունները տրամադրվելու են առաջիկայում:

Ինչպես նշում է «Forbes»-ը, նույն օրը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին հաղորդել է նաեւ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը: «Անցյալ շաբաթ քաղաքացիական ինքնաթիռի անընդունելի եւ հանցավոր գնդակոծությունը Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիայի հետեւանք է: Սա ապացուցում է, որ միջազգային հասարակությանն անհրաժեշտ է շարունակել ճնշել ռուսական իշխանությանը»,- նշվում է կանադական վարչապետի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Մալազիական ավիաուղիների «Boeing 777»-ի վթարի հետեւանքով 298 մարդ էր զոհվել: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ, հավանաբար, ինքնաթիռին հարվածել են «Բուք» զենիթա-հրթիռային համալիրից: