Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրիի Մուշ 2 թաղամասում բազմաբնակարանների կառուցապատում իրականացնող «Գլենդեյլ Հիլզ» ընկերության պատասխանատուներին հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում վերացնել բոլոր թերությունները։ Այսօր՝ հուլիսի 22-ին Գյումրի այցելած վարչապետը հանդիպել է Մուշ 2 թաղամասի բնակիչներին, լսել նրանց դժգոհությունները, ծանոթացել բնակարանային պայմաններին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հավաքված բնակիչները վարչապետին դժգոհել են, որ շենքերը նորմալ չեն կառուցվել, պատերն արդեն ճաքում են եւ քանդվում, դռները նորմալ չեն փակվում։ Վարչապետը լսել է բոլորի դժգոհությունները, մտել բոլոր բնակարանները, որից հետո նկատողություն է արել իր հետ Գյումրի այցելած «Գլենդեյլ Հիլզ»-ի պատասխանատուներին։ Վարչապետի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում թերությունները վերացնելու ուղղությամբ՝ պատասխատուները ասել են, որ մեկ անգամ արդեն վերացրել են խնդիրները։

«Բայց բնակիչները դեռ դժգոհում են, հարգելի պատասխանատուներ, թերությունները կան։ Եթե վերացրել եք, ինչի՞ց են մարդիկ դժգոհում: Փաստորեն, սա մեր վատ աշխատանքի արդյունքն է: Պետք է շատ արագ թերությունները վերացնել: Քաղաքապետը, որ բարձրացնում է ասֆալտապատման խնդիրը, ինչի՞ է բարձրացնում: Արել եք՝ արագ անելու համար, չանեիք: Հիմա նորից կրկնակի ասֆալտ պիտի անեք: Արագ արեք ու որակով արեք, որ ոչ մեկն այլեւս ոչ մեկից չդժգոհի: Վերահսկողություն հաստատեք եւ կապ պահեք քաղաքապետի եւ քաղաքաշինության նախարարության հետ: Շատ արագ պատրաստում եք ժամանակացույց եւ ներկայացնում նախարարությանը»,- հանձնարարեց վարչապետը։

Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ նաեւ բնակիչներին հուզող մեկ այլ խնդրի՝ սեփականության վկայականներին՝ հանձնարարելով հնարավորին արագ բնակարանատերերին հանձնել իրենց սեփականության վկայականը։ Վարչապետը նշեց նաեւ, որ այս հարցը կքննարկվի այսօր մարզպետարանում կայանալիք խորհրդակցության ժամանակ՝ ընդգծելով, որ իր այսօրվա այցի նպատակը այդ հարցերին արագ լուծում տալն է։

Հովիկ Աբրահամյանը այնուհետեւ այցելել է Մուշ 2/2 թաղամաս՝ պարզելու, թե ինչու է «Գլենդեյլ Հիլզ»-ը կանգնեցրել է շինարարությունը։