Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանում Քաթարի Պետության նորանշանակ դեսպան Իբրահիմ Աբդ ալ Ռահման ալ-Մեղաիսիբիին (նստավայրը` Թեհրան) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, թե նոր դեսպանը ջանքեր կգործադրի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումն ու ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, եւ հենց այդ պատճառով որոշում է կայացվել արաբական երկրներում Հայաստանի նոր դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու վերաբերյալ:

Դեսպան ալ Ռահման ալ-Մեղաիսիբին ընդգծել է, որ Քաթարում առանձնահատուկ համակրանքով են վերաբերվում Հայաստանին եւ հայ ժողովրդին, եւ իր առաքելության ընթացքում կանի առավելագույնը համագործակցության զարգացման համար:

Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ռահման ալ-Մեղաիսիբին անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, մտքեր փոխանակել մերձավորարեւելյան խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ: