ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցած 15 երկրների ներկայացուցիչները սատարել են Ուկրաինայի արեւելքում մալայզիական ինքնաթիռի կործանման վերաբերյալ բանաձեւի նախագիծը:

«Սա Անվտանգության խորհրդի վճռորոշ քայլ է»,- հայտարարել է Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլիա Բիշոփը: Ավիավթարի հետեւանքով այս երկրի 28 քաղաքացի է զոհվել:

Բանաձեւի նախագիծը ներկայացրել էր Ավստրալիայի պատվիրակությունը, սակայն փաստաթղթում հաշվի են առել նաեւ ռուսական կողմի առաջարկները:

Բանաձեւը «վճռականորեն դատապարտում է Մալայզիական ավիաուղիների MH17 ինքնաթիռի կործանումը, ինչի հետեւանքով 298 մարդ է զոհվել»:

Այն նաեւ «տարածաշրջանի բոլոր պետություններին եւ սուբյեկտներին միջադեպի միջազգային հետաքննության հարցում լիարժեք համագործակցության կոչ է անում»:

Բանաձեւը «լուրջ մտահոգություն է արտահայտում աղետի վայրի անբավարար եւ սահմանափակ հասանելիության վերաբերյալ տեղեկությունների առիթով»:

Փաստաթուղթը «պահանջում է, որպեսզի զինված խմբերը, որոնք վերահսկում են ավիավթարի վայրը եւ դրա մերձակայքը, զերծ մնան ցանկացած գործողություններից, որոնք կարող են վտանգել աղետի վայրի ամբողջականությունը»:

Դիվանագետները նաեւ պնդում են, որպեսզի զոհերի մարմինների հանդեպ հարգալից եւ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերվի: Մի քանի երկրների ներկայացուցիչներ իրենց ելույթներում դատապարտել են ավիավթարի վայրում կողոպուտի դեպքերը, որոնց մասին ավելի վաղ գրել են լրատվամիջոցները: