Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 10-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ասել է, թե բարոնուհու եւ նրա համախոհների ավանդական դարձած այցելությունները Հայաստան եւ Արցախ, հայկական կողմի հետ նրանց  արդյունավետ համագործակցությունը բարձր գնահատանքի են արժանի:

 Քոքսը Սարգսյանին պատմել է իր` թվով արդեն 70-րդ այցելության  ընթացքում ստացած տպավորությունների մասին: Նա ասել է, որ ինչպես նախորդ այցերին, այնպես էլ այս անգամ ուրախությամբ արձանագրել  է, որ  թե  Երեւանում եւ թե Ստեփանակերտում մեծ դրական փոփոխություններ են կատարվում:

 Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումներին: Քերոլայն Քոքսն ասել է, որ միջազգային հանրությունը միանշանակ բարձր է գնահատում Հայաստանի`  հարեւան երկրների հետ խնդիրները բանակցությունների եւ համագործակցության միջոցով լուծելու դիրքորոշումը: Սակայն, բարոնուհու խոսքով, Հայաստանի զուսպ արձագանքը Ադրբեջանի ակտիվ ստահոդ քարոզչությանը վերջինիս հնարավորություն է տալիս հաճախ մոլորության մեջ գցելու նույն այդ հանրությանը: