Իրանը  Քաղավիացիայի միջազգային կազմակերպության հարցմանը պատասխանել է, որ պատրաստ է բացել իր օդային տարածքը հյուսիսային Եվրոպայից Ասիա չվերթների համար: Այդ մասին հաղորդել է Իրանի օդանավակայանների ընկերություն-օպերատորների (IAC) փոխտնօրեն Իբրահիմ Շուշթարին:

Շուշթարիի խոսքով, ICAO-ն համապատասխան հարցում է  ուղարկել IAC-ին, որը բավարարվել է հուլիսի 22-ին: Նա հավելել է, որ Մալայզիական ավիաուղիները արդեն փոխել են Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթները Իրանի օդային տարածքի միջոցով, հաղորդում է Press TV հեռուստաալիքը:

Ավելի վաղ, Malaysia Airlines-ը հայտարարել էր որ ընկերության բոլոր երթուղիները կշրջանցեն Ուկրաինայի տարածքը: Բացի այդ, մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Բելառուսը, Ղազախստանը եւ Չինաստանը որոշում են ընդունել իրենց ավիաընկերություններին արգելել թռիչքները Արեւելյան Ուկրաինայի գոտում կամ փոխել թռիչքների երթուղիները: