Այսօր՝ հունիսի 10-ին ավարտվեց «DigiTec Business 2010» ֆորում-ցուցահանդեսը: Ֆորում-ցուցահանդեսի փակման արարողության ժամանակ մասնակցության հավաստագրեր տրվեցին միջոցառման մասնակից ընկերությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Հայաստանի ռոբոտների բաց առաջնության «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին:
«Ցավոք այս տարի ռոբոտների մրցույթում մենք չունեցանք հաղթող թիմ, որը ամբողջությամբ խնդիրը կլուծեր, եւ մենք կունենայինք առաջին տեղի մրցանակակիր»,- ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը` ավելացնելով, որ, այդուամենայնիվ երկու թիմ տարբերվել էին մյուսներից եւ ամենաբարձր միավորներն էին վաստակել, որոնք եւ ժյուրիի որոշմամբ երրորդ տեղը զբաղեցրեցին։ Դրանք Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ‹‹Էրիկտա›› և Սլավոնական Համալսարանի ‹‹Սայբեր Ռաու›› թիմերն էին, որոնց տրվեց 100 հազարական դրամ, իսկ մյուս բոլոր թիմերը ստացան խրախուսական մրցանակ 40 հազար դրամի չափով:
ԻՏՁՄ գործադիր տնօրենի խոսքով` այս տարվա մրցույթը թե՛ մասնակիցներին, եւ թե՛ ժյուրիի անդամներին շատ բան է սովորեցրել, եւ հաջորդ տարի ավելի բարդ խնդիրներ են առաջադրվելու, օրինակ` անօդաչու թռչող ռոբոտների մրցույթ:
«Հույսով եմ, եւ նույնիսկ համոզված, որ հաջորդ տարի Հայաստանի ռոբոտների բաց առաջնությանը իսկապես ունենալու ենք առաջին տեղ գրաված թիմ, եւ կմասնակցեն ավելի շատ թիմեր»,- ասաց Վարդանյանը:
Տեղեկացնենք, որ այս տարի Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը մասնակցում էին 9 թիմ, որոնց պատրաստած ռոբոտները պետք է գտնեին հողի տակ պահված ականները և սերվերին ուղարկեին վերջիններիս դասավորությամբ քարտեզը: Հաղթող պետք է ճանաչվեր այն թիմը, որն իր առջև դրված խնդիրը կլուծեր նվազագույն ժամանակում, նվազագույն սխալներով:
Նշենք, որ այս տարի նախատեսվում է անցկացնել նաև «Ռոբոտների համակարգչային սիմուլյացիա» մրցույթը, ինչպես նաև տեղի կունենան ռոբոտների ցուցադրություններ Երևանի տարբեր հատվածներում, ՀՀ մարզերում:
Հիշեցնենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 2008թ.-ից է սկսել կազմակերպել Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը՝ ArmRobotics-ը:


























