Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հունիսի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ռուսաստանի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելությանը: Նա հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Այսօր, երբ նշվում է Ռուսաստանի օրը, գոհունակությամբ կցանկանայի արձանագրել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորված ավանդական բազմաբովանդակ կապերը եւ դաշնակցային փոխգործակցությունը տարեցտարի բնորոշվում են առաջընթացային զարգացմամբ եւ որակապես նոր բովանդակությամբ: Առաջին հերթին դա վերաբերում է մեր փոխշահավետ համագործակցության կազմակերպչական-տեղեկատվական բաղադրիչի խորացմանը եւ հարստացմանը: Ինտենսիվ եւ պարբերական բնույթ են կրում բարձր մակարդակի հանդիպումները եւ համաձայնությունները: Ընդ որում, ավանդաբար երկկողմանի երկխոսությունը ծավալվում է փոխհամաձայնության եւ վստահության մթնոլորտում:
Մենք ակնհայտորեն տեսնում ենք մեր փոխադարձ ջանքերի արդյունքները: Հայաստանի տնտեսությունում հետեւողականորեն աճում է ռուսական ուղղակի ներդրումների ծավալը: Կատարելագործվում է ապրանքաշրջանառության բովանդակությունը եւ կառուցվածքը մեր երկրների միջեւ, հիմնադրվում են համատեղ բազմապրոֆիլ ձեռնարկություններ եւ կազմակերպություններ:
Ռուս-հայկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովն աշխատում է լիարժեք եւ հագեցած ծրագրով: Մշտապես զարգանում եւ կատարելագործվում է իրավապայմանագրային դաշտը` ինչպես միջպետական, այնպես էլ միջտարածաշրջանային եւ գերատեսչությունների մակարդակով: Իրավական նման կանոնակարգումը թույլ է տալիս մեզ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում հաջող եւ արդյունավետ իրականացնել համատեղ բարդ եւ կարեւոր նախագծերը, որոշակիացնել եւ ուղղորդել մեր պետությունների տարածաշրջանների միջեւ համագործակցությունը, սահմանել բազմակողմ հումանիտար կապերի խորացման ալգորիթմը:
Վստահ եմ` մեր համագործակցության ռազմավարական բազան այսուհետ եւս կձեւավորի եւ կորոշի հայ-ռուսական փոխշահավետ գործընկերության հզոր ներուժը, իսկ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը կծառայի որպես դրա վստահելի երաշխիք:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ներկաներին Ռուսաստանի օրվա տոնի առթիվ եւ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթում երջանկություն ու բարգավաճում»:


























