Ղրղըզստանի հարավում գտնվող Օշ քաղաքում կրկին զանգվածային բախումներ են սկսվել ղրղըզների եւ ուզբեկների միջեւ: Հունիսի 10-ի ուշ երեկոյան Օշում, որտեղ ղըրղըզների հետ միասին ապրում են նաեւ շատ ուզբեկներ, մեծ ծեծկռտուք է տեղի ունեցել, որը վերաճել է զանգվածային բախումների քաղաքի տարբեր հատվածներում:

Բախումները շարունակվել են մինչեւ հունիսի 11-ի առավտ եւ դեռ քաղաքում լսվում են կրակոցներ: Անկարգությունների մասնակիցները այրել են մեքենաներ, թալանել խանութներ եւ ինտերնետ ակումբներ: Օշում զորքեր են մտցվել: Հաղորդում է Gazeta.ru-ն:

Ռիա նովոստի»-ն հաղորդում է 12 զոհի եւ շուրջ 120 հիվանդանոց տեղափոխվածների մասին: Գիշերվա ընթացքում Օշում հրկիզվել ել ֆիլհարմոնիայի, դրամատիկական թատրոնի, հեռուստատեսության շենքերը, հյուրանոց, տպագրատուն, ինչպես նաեւ մի քանի սրճարաններ, խանութներ եւ առեւտրային համալիրներ։

Օշ են մտցվել ներքին զորքերն ու զրահատեխնիկա: Անցումային շրջանի նախագահ Ռոզա Օթումբաեւան Օշի, Կարասույի, Արավանի եւ Ուզգենի շրջաններում արտակարգ դրություն եւ պարետային ժամ մտցնելու մասին դեկրետ է ստորագրել: