Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի շահերը փաստացի չեն տուժի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հետեւանքով:
«Բնական է, որ մենք ստիպված կլինենք մեր համապատասխան տնտեսական օպերատորների կապերը համապատասխանեցնել այն ռեժիմներին, որոնք ներառված են բանաձեւում»,- ասել է նա: Լավրովի խոսքով, սակայն, Ռուսաստանն ապահովել է իր առեւտրատնտեսական կարեւոր կապերի բացարձակ պաշտպանությունը, որոնք ունի Իրանի հետ: «Բանաձեւը ոչ մի արգելք չի դնում այդ կապերի վրա, որը ներառում է ոչ միայն «Բուշեր»-ի նախագծի ավարտումը, այլեւ նմանատիպ այլ ռեակտորների զինումը: Նման պլաններ Իրանի հետ մենք ունենք: «Բուշերի» մեկնարկը տեղի կունենա օգոստոսին»,- հավելել է նա:
«Ինչ վերաբերում է ռազմա-տեխնիկական համագործակցությանը, ապա բանաձեւը սահմանափակումներ է մտցնում հարձակողական բնույթի սպառազինությունների հարցում Իրանի հետ համագործակցության նկատմամբ, իսկ պաշտպանողական սպառազինություններն այդ սահմանափակումների տակ չեն ընկնում»,- նշել է Լավրովը՝ ի պատասխան հարցի, թե ինչ է լինելու Իրանին C-300 համալիրների մատակարարումների ճակատագիրը:


























