Ուկրաինական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ հուլիսի 23-ի գիշերը Զապորոժիեիհայկական եկեղեցու բակում պայթուցիկ սարքեր են տեղադրվել, որը եւ հետագայում աշխատել է, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարեց Զապորոժիեի հայ համայնքի  ղեկավար Միխայիլ Պավլովը:

Պավլովի խոսքով՝ պայթուցիկ սարքը տեղադրվել էր Չորս առաքյալների հայկական եկեղեցու մոտակայքում, էքստրեմալ բժշկության կենտրոնի՝ 5-րդ քաղաքային հիվանդանոցի մոտակայքում: «Տվյալ դեպքում թիրախը Հայկական եկեղեցին չէ»: Սակայն լրատվամիջոցներում տեղեկատվության հեղեղ էր, որ պայթուցիկ սարքը տեղադրված է հայկական եկեղեցու տարածքում, ինչը չի համապատասխանում իրականությանը: Պայթյունի հետեւանքով հայկական եկեղեցին չի տուժել», ինչ վերաբերում է Զապորոժիե շրջանի հայկական համայնքին, ապա Պավլովի խոսքով, այնտեղ հանգիստ մթնոլորտ է տիրում: Զապորոժիեում բնակվում են 4 հազար հայեր, իսկ ընդհանուր Զապորոժիե շրջանում՝  մոտ 15 հազար հայ:

Հիշեցնենք, որ ուկրաինական լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, որ հուլիսի 23-ին Զապորոժիեում, 5-րդ քաղաքային հիվանդանոցի մոտակայքում հզոր պայթյուն է որոտացել, պայթուցիկ սարքը տեղադրվել էր հայկական եկեղեցու բակում: Պայթյունի իրականացման կասկածանքով ձերբակալվել են շրջանային կենտրոնի երկու բնակիչներ, ովքեր փորձարկել են իրենց ձեռքով պատրաստված պայթուցիկները: Հիվանդասենյակների, հայկական եկեղեցու եւ հարեւան տների ապակիները պայթյունի հետեւանքով թափվել են: