Ռուսաստանում անցած տարվա հուլիսի 13-ին վթարի ենթարկված «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով հուլիսի 24-ից սկսվում է դատական վիճաբանությունների փուլ, որտեղ մեղադրյալի փաստաբանը կներկայացնի իր կարծիքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը:
«Հուլիսի 24-ից սկսվում է դատական վիճաբանությունների փուլը, որտեղ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը կներկայացնի իր կարծիքը կատարվածի վերաբերյալ: Այնուհետեւ արդեն կլինի ամբաստանյալի վերջին խոսքի փուլը, որից հետո էլ արդեն դատավճիռը կհրապարակվի: Կարծում եմ, որ մեկ-երկու ամսից արդեն դատական ակտը պատարստ կլինի»,- ասաց նա:
ՄԻՊ խորհրդականի խոսքով՝ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը լավ է, որեւէ դժգոհություն չունի, գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ: Անդրադառնալով ավտովթարի հետեւանքով մահացածների հարազատների դրամական փոխհատուցման պահանջին՝ Երանուհի Թումանյանցը նշեց, որ թե 18 մահացածների հարազատները, թե տուժած ուղեւորները, առանձին հայցեր են ներկայացրել. «Դրանք միգուցե որպես քաղաքացիական հայցեր դիտվեն: Ի դեպ, բավականին մեծ գումարների մասին է խոսքը, հնարավոր է նույնիսկ մի քանի միլիոնի»:
Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, որը լի է եղել մանրաքարով, բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել է 18 մարդ: Հարությունյանը լիովին խոստովանել էր իր մեղքը եւ համաձայնել, որ սխալ որոշում էր կայացրել ու խախտել երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել մեծ թափ հավաքած ավտոմեքենան, որի արգելակներն անսարք են եղել: Նրան մեղադրանքներ էին ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Այժմ վարորդին սպասվում է մինչեւ յոթ տարի ազատազրկում: Ռուսաստանում վթարի համար դա առավելագույն ժամկետ է, եթե կա երկու եւ ավելի զոհ, իսկ մեղավորը վթարի պահին սթափ է եղել:




























