Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը Բրյուսելում կայացած նիստում հայտարարել է, որ Եվրոպա ռուսական գազի եւ նավթի մատակարարումները չպետք է պատժամիջոցների օբյեկտ հանդիսանան, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ես միշտ դեմ եմ եղել Եվրոպա ռուսական գազի եւ նավթի մատակարարման ոլորտում ցանկացած պատժամիջոցների», - ասել է Էթինգերը: Հանձնակատարը  նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը կախում ունի արեւմտյան տեխնոլոգիաներից՝ ածխաջրածինների եւ թերթաքարային գազի արդյունահանման համար: Նա նշել է Ռուսաստանին տվյալ տեխնոլոգիաների տրամադրման հարցում սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը:

Էթինգերը հուսով է «առաջիկա շաբաթներին» Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ գազային հարցով պայմանավորվածության հասնել: Նա դժվարացել է նշել, թե երբ կվերսկսեն գազի հարցով եռակողմ բանակցությունները՝ ԵՄ-Ռուսաստան-Ուկրաինա ձեւաչափով: 

«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի շարունակվի ստորգետնյա պահուստներ գազի ներմղումը, եւ հուսով ենք, որ առաջիկա շաբաթներին կկարողանանք Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնության հասնել», - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն պատրաստ է արգելք կիրառել միայն  պաշտպանական արդյունաբերության ոլորտում Ռուսաստանի հետ նոր պայմանագրերի վրա: