Երեւանում այսօր` հունիսի 11-ին մեկնարկել է Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովյան երկրների հանձնախմբի ժողովը: Որպես հյուրընկալող կողմ հանդես է գալիս ՀՅԴ-ն: Հանձնախմբի ժողովին մասնակցելու են տարածաշրջանից սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, ներառյալ` Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից, Ղրղզստանից, Բելոռուսից, Մոլդովայից, Հունաստանից, Հունգարիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Շվեդիայից եւ Պաղեստինից:
Սոցինտեռնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան հայտարարել է, թե Ղարաբաղյան խնդրում պետք է այնպիսի լուծում գտնվի, որ ձեռնտու լինի հակամարտության կողմերին: Նրա խոսքով, Սոցինտեռնը լավ հարթակ է բանակցություններ վարելու համար: նա ասել է, թե երեւանյան համաժողովը, որին մասնակցում է նաեւ Ադրբեջանի պատվիրակությունը, կարող է նպաստել կողմերի միջեւ երկխոսությանը:
Հանձնախմբի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանն ասել է, որ նմանատիպ ժողովները նպաստում են հակամարտող կողմերի միջեւ երկխոսություն ստեղծելուն, ինչպես նաեւ հնարավորություն են տալիս ծանոթանալ, թե ինչպես են հակամարտություններն ընկալում մյուս կողմերը։ Նրա խոսքով, ժողովի օրակարգում են տարածաշրջանի հակամարտություններին նվիրված հատուկ կետ, որտեղ մասնակիցները կներկայացնեն իրենց դիրքորոշումները, այնուհետեւ դրանք կհամադրվեն, իսկ ավարտին կներկայացվի ժողովի եզրակացությունը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացուցչի ներկայությանը, Մարիո Նալբանդյանը նշել է, որ նա հաստատել էր ժողովին իր մասնակցությունը, սակայն դեռեւս չի ժամանել։


























