Արդեն երկու օր է NEWS.am-ի խմբագրակազմը փորձում է պարզել ԼՂՀ Քաշաթաղի շրջանում օրերս բռնկված վարակի պատճառը: Երեկ ողջ օրը բազմիցս փորձեցինք կապվել Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանի հետ, սակայն նա այդպես էլ հեռախոսը չվերցրեց, իսկ այսօր էլ՝ վերցնելով, ասաց բառացիորեն հետեւյալը. «Ո՞վ ասաց ձեզ, որ այնտեղ վարակ է բռնկվել, ես ձեզ տենց բան չեմ ասել: Ինձ ամեն մարդ կարող է զանգել եւ ներկայանալ լրագրող, եկեք այստեղ կխոսենք», եւ փութով կախեց հեռախոսափողը:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հանրապետության Քաշաթաղի շրջանում ինֆեկցիոն համաճարակի բռնկման պատճառով, որին ներկա է եղել նաեւ Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
Նշենք նաեւ, որ ԼՂՀ առողջապահության նախարարությունը չի կարողացել NEWS.am-ին որեւէ տեղեկություն տրամադրել վարակի բռնկման պատճառի վերաբերյալ, քանի որ լաբորատոր քննությունն անցկացվում է Երեւանում եւ այստեղից դեռ պատասխաններ չեն հաղորդվել:
Ավելի վաղ ԼՂՀ առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանից տեղեկացել էինք, որ վարակվածների թիվը հասնում է 54-ի եւ նրանք բոլորը հոսպիտալացվել են:


























