Այսօր` հունիսի 11-ին անցկացվում են օտար լեզուների` անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի, իտալերենի, պարսկերենի միասնական քննությունները: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է,  որ  քննություններն անցկացման նպատակով հանրապետությունում ստեղծվել է 33 քննական կենտրոն՝ 2-ը Արցախում:

Մասնավորապես, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ձեւավորված քննական կենտրոնում անգլերենի քննությունը հանձնելու համար գրանցված է եղել շուրջ 220 հոգի, բացակայել է 15-ը: Իսկ դիմորդներից մեկը քննությունը սկսելուց առաջ հեռացվել է քննասենյակից, քանի որ դպրոցն ավարտել է թռիչքային ձեւով: Բանն այն է, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով արգելվում է այս տարի դպրոցն ավարտել թռիչքային ձեւով, սակայն անտեսելով նախարարի հրամանը, որոշ դեպքերում դպրոցների տնօրենները որոշ աշակերտների թույլ են տրվել դպրոցը ավարտել թռիչքային ձեւով:

Այս դեպքի առնչությամբ, Գուրգեն Խաչատրյանը լրագրողներին ասել է. «Հայտնաբերվել է դպրոցը թռիչքային ձեւով ավարտած շուրջ 39 աշակերտ: ԿԳ նախարարի խնդրանքով, մենք նրանց թույլ չենք տալիս մասնակցել միասնական քննությունների: Մենք երկու օր առաջ ԿԳՆ նախարարությունից ստացել ենք այն աշակերտների անուն ազգանունները, որոնք դպրոցն ավարտել են վերոնշյալ ձեւով: Մենք նույնիսկ զանգահարել ենք այս շակերտների տուն եւ հորդորել չգալ քննության, որ այսպիսի սցենար չերեւար, իսկ եթե եկել են, ապա մենք պարտավոր ենք նրանց թույլ չտալ մասնակցելու քննությանը»: