Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը կոչ է արել կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ դա հիմնավորելով նրանով, որ տնտեսական լուրջ պատժամիջոցները Ռուսաստանի հասկացած միակ լեզուն են:

New York Daily News-ում տպագրված հոդվածում բրիտանացի քաղաքական գործիչը հայտարարել է, որ Ռուսաստանը ինքնիշխան պետությունն  ապակայունացնելու,  դրա տարածքային ամբողջականությունը խախտելու եւ անջատականներին  զինելու փորձեր է ձեռնարկում, եւ աշխարհն արդեն վճարել է դրա գինը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Քեմերոնը կողմ է, որպեսզի ԵՄ երկրներում  Մոսկվային  ռազմատեխնիկա վաճառելու արգելքը պահպանվի:

«Ռուսաստանին տնտեսական վնաս հասցնելը որոշ տնտեսական հետեւանքներ կունենա նաեւ մեր տնտեսությունների համար, – գրում է Քեմերոնը: – Սակայն լուրջ տնտեսական պատժամիջոցները միակ լեզուն են, որը հասկանում է Ռուսաստանը»:

«Ժամանակն է այնպես անել, որ  մեր ուժերը, ազդեցությունը եւ ռեսուրսները զգալի դառնան, - նշել է Քեմերոնը թերթի հոդվածում:  – Ամերիկայի հետ Եվրոպան պետք է անի ամեն ինչ` Ռուսաստանի դեմ դուրս գալու եւ Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու համար, քանի դեռ այն չի դարձել անմեղ մարդկանց մահվան նոր դեպքերի պատճառ»: