Իրավապահ մարմինների հայտարարություններն այն մասին, որ իրենք արգելել են ոչ հայտնի մարդկանց մուտքը Ազատության հրապարակ, ամենաքիչը զարմանք է առաջացնում: Այս մասին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
«Իսկ ո՞վ է ասել, որ Ազատության կամ մեկ այլ հրապարակում պետք է զբոսնեն միայն հայտնի կամ վզից կախված բաց անձնագրերով մարդիկ, որպեսզի իրավապահներին հեշտ լինի ճանաչել նրանց»,- ասաց նա՝ խոսելով այն մասին, որ ոստիկանները թույլ չեն տալիս Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների «թափանցումն» Ազատության հրապարակ։
«Այլ բան է, եթե այդ «ոչ հայտնիները» իրավախախտումներ թույլ տան: Այդ ժամանակ ոստիկանությունը թող զբաղվի դրանով»,- նկատեց դաշնակցական պատգամավորը։
Հարցին, թե ինչպե՞ս է ինքը գնահատում ընդդիմադիր լրագրողուհի Անի Գեւորգյանի ձերբակալության փաստը, Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե դուք ընդգծում եք «լրագրողուհի» բառը, դրա տակ հասկացվում է «կին» բառը», եւ եթե ուզում եք իմ աչքերում արցունքներ տեսնել, ապարդյուն է։ Ոչ մի տղամարդ ընդունակ չէ գործել այնպիսի սարսափելի հանցագործություններ, ինչպիսիք կարող է գործել կինը։ Ինչ վերաբերում է Անիին, ես այդ գործին տեղյակ չեմ»:


























