Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը շաբաթ օրը Փարիզում հանդիպում է անցկացնում արտասահմանցի գործընկերների հետ՝ Գազայի իրավիճակը քննարկելու եւ պաղեստինա-իսրայելյան հակամարտությունը կարգավորելու ջանքերին սատարելու համար, ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Հանդիպումն սկսվել է 11.30-ին, մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Քաթարի, Թուրքիայի, Իտալիայի արտգործնախարարները, ԱՄՆ պետքարտուղարը եւ ԵՄ դիվանագիտության ղեկավարը: 

«Պատերազմող կողմերի միջեւ կամրջի դեր կատարող Ֆրանսիայի համար արյունալի հակամարտության դադարեցումը հրատապ է եւ խիստ անհրաժեշտ»,- ասվում է հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Շաբաթ առավոտյան սկսվել է 19 օրվա մեջ ամենատեւական հումանիտար դադարը, որը շարունակվելու է 12 ժամ եւ համաձայնեցված է կողմերի հետ: Ենթադրվում է, որ ժ. 08.00-ից  20.00-ն անկլավի բնակչությունը կարող է համալրել պարենի եւ դեղերի պաշարները, դուրս գալ սահմանային գոտուց, որտեղ ցամաքային մարտեր են ընթանում, եւ հեռանալ ավելի ապահով խորքային շրջաններ: