Հունիսի 7-9-ը ԲԵԼԱԳՐՈ-2010 20-րդ միջազգային ցուցահանդեսի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բելառուս է այցելել Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստաննի գյուղնախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բելառուսի գյուղատնտեսության եւ պարենի նախարար Միխայիլ Ռուսիի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի գյուղնախարարը նշել է հայկական կողմի հետաքրքրվածությունը Մինսկի տրակտորների գործարանի արտադրանքով, Հայաստանում դրա սպասարկման կենտրոնների հիմնմամբ, պահեստամասերի մատակարարմամբ: Բելառուսական կողմը տեղեկացվել է նաեւ սերմնացուի ներմուծման ցանկության, ինչպես նաեւ Հայաստանից Բելառուս բանջարեղեն ու մրգեղեն, չրեր, հանքային ջրեր եւ ալկոհոլային խմիչքներ մատակարարելու պատրաստակամության մասին: Նախարար Ալավերդյանն առաջարկել է ուսումնասիրել փոխադարձաբար գյուղմթերքի մշտապես գործող ցուցահանդեսներ հաստատելու մասին:
Բանակցություններին մասնակցող Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը նշել է Հայաստանից Բելառուս ձկնեղենի արտահանման հնարավորության, հայկական կոնյակի ներմուծման քվոտայի ավելացման ցանկության եւ առհասարակ, փորձի փոխանակման կարեւորության մասին:
Միխայիլ Ռուսին հայկական կողմի ուշադրությունը հրավիրեց համատեղ ձեռնարկություններ հիմնելու առավելությունների վրա:


























