ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ գոհ է Հաագայի դատարանի որոշումից, որը Ռուսաստանին պարտավորեցրել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերին 50 մլրդ դոլար վճարել: Այս մասին գրում է Газета.Ру-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
«Ֆանտաստիկ է, որ ընկերության բաժնետերերին հնարավորություն է ընձեռվում վերականգնել կորուստները»,- հայտարարել է նա:
Խոդորկովսկին նաեւ նշել է, որ չի մասնակցել դատաքննությանը եւ չի ձգտում ֆինանսական շահ ստանալ դրա արդյունքներից:
«Եզրակացությունները կանխատեսելի են. ՅՈՒԿՕՍ-ի գործը սկզբից մինչեւ վերջ պետականամերձ մաֆիայի կողմից հաջողակ ընկերության անթաքույց թալան է: Հրաշալի է, որ ընկերության բաժնետերերը հնարավորություն ունեն փոխհատուցում ստանալ կորուստների դիմաց: Ցավալի է, որ այդ փոխհատուցումը վճարվելու է պետության գրպանից, այլ ոչ թե իշխանամերձ մաֆիայի եւ պուտինյան օլիգարխների գրպաններից»,- ասված է Խոդորկովսկու մամուլի ծառայության կայքում տեղադրված նրա հայտարարության մեջ:




























