Հանուն մարդկության՝ Գազայի հատվածում բռնությունը պետք է դադարեցվի: Այս մասին հուլիսի 28-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: BBC-ի փոխանցմամբ, նա նաեւ հավելել է, որ Պաղեստինի տարածքը «ճգնաժամային իրավիճակում է»:

Ողբերգական զուգադիպությամբ, պաշտոնյայի ելույթից որոշ ժամանակ անց Գազայում երկու պայթյուն է որոտացել, ընդ որում, մեկը՝ մանկական հրապարակում, երկրորդը՝ Գազայի գլխավոր հիվանդանոցից ոչ հեռու:

Մեկ շաբաթ առաջ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ հարձակման գործողություն սկսեց: Այս ընթացքում ավելի քան 1.000 պաղեստինցի է զոհվել, հիմնականում՝ խաղա բնակիչներ, ինչպես նաեւ 43 իսրայելցի զինվոր եւ Իսրայելի 2 խաղաղ բնակիչ: Իսրայելում նաեւ Թայլանդի բնակիչ է զոհվել:

Վերջերս հակամակարտության տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ՀԱՄԱՍ-ին Իսրայելի խաղաղ շրջանների հրթիռակոծության, իսկ իսրայելական ուժերին՝ Գազայի հատվածի խիտ բնակեցված վայրերում զանգվածային ոչնչացման զենք կիրառելու համար:

Նա ընդգծել է, որ Գազայի բնակիչները փախչելու տեղ չունեն, հակամարտության կողմերն այսպես թե այնպես պետք է պատասխան տան խաղաղ բնակիչների պաշտպանության համար:

Նա կրկնել է ՄԱԿ-ի կոչը՝ մահմեդականների Ռամադան տոնի ընթացքում անհապաղ հրադադար հաստատելու մասին:

«Ե՛վ իսրայելական, ե՛ւ պաղեստինյան առաջնորդները պետք է ցուցադրեն իրենց մարդկայնությունը»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: