ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ամերիկյան դիվանագետներին հանձնարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում փնտրել: Այդ մասին այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Դեսպանը հիշեցրեց, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում հակամարտության միջնորդական առաքելություն է ստանձնել: Նա նաեւ հույս հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ոչ հեռու ապագայում կհանդիպեն խնդրի քննարկման նպատակով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը, ընդգծել է Հեֆերնը, պարզ է հստակ. հակամարտության կարգավորման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են: Մինսկի խմբի համանախագահները խստորեն դատապարտել են հրադադարի ռեժիմի խախտումները եւ ցավակցություններ հայտնել շփման գծում (Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի՝ խմբ.) եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին զոհվածների համար:




























