ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2009 թվականի նոյեմբերի  6-ի հրամանով արգելվել է 10-ից 11-րդ դասարան էքստեռն կարգով փոխադրումը, որի վերաբերյալ նախարարը բազմիցս հայտարարել է ինչպես լրատվամիջոցների հետ հանդիպումների ընթացքում, այնպես էլ Ազգային ժողովի ամբիոնից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳ նախարարությունից:

Նախարարի 2010 թվականի փետրվարի 4-ի համապատասխան հրամանով հաստատվել է ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության 2010 թվականի աշխատանքային ծրագիրը, որում նախատեսվում էր ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների  10-11-րդ դասարաններում իրականացնել սովորողների շարժի (ընդունելություն, փոխադրում, տեղափոխություն) մշտադիտարկում: Համաձայն ուսումնասիրությունների նախնական տվյալների` շուրջ 3500 աշակերտ 2009-2010 ուստարում ուսումը չի շարունակել 10-րդ եւ 11-րդ դասարաններում:

Ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության խախտումներ, որոնց հետեւանքները վերացնելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, տրվել են կատարման համար պարտադիր հանձնարարականներ, իսկ կոպիտ խախտումների վերաբերյալ նյութերը սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Ուսումնասիրությունների ներկա փուլում բացահայտվել է նաեւ, որ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից իրականացվող միասնական քննություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀ կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության խախտումով հայտագրված 39 դիմորդ, որոնց արգելվել է մասնակցել քննություններին:

Ներկայումս ուսումնասիրվում է նաեւ էքստեռն ավարտական կարգով քննությունների ընթացքը, եւ վերջնական արդյունքները կհրապարակվեն սահմանված կարգով: Ուսումնասիրությունները կշարունակվեն նաեւ հուլիս ամսվա ընթացքում: