ԱՄՆ-ը հիասթափված է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում իր դաշնակից Թուրքիան դեմ է քվարկել Իրանի դեմ պատժամիջոցներ նախատեսող բանաձեւին:

«Ես հիասթափված եմ Անկարայի քվեարկությունից, Թուրքիան Միացյալ Նահանգների վաղեմի դաշնակիցն է եւ ՆԱՏՕ-ի անդամ երկիր», - հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Գեյթսը Բրյուսելում՝ հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների նիստի ավարտին:

Պենտագոնի ղեկավարը միաժամանակ նշել է, որ այդ քայլը չի ազդի ռազմական ոլորտում թուրք-ամերիկյան համագործակցության վրա:

«Թուրքիան շարունակում է առանցքային դերակատարում ունենալ ՆԱՏՕ-ում», - հայտարարել է Գեյթսը եւ ընդգծել. «Դաշնակիցները ոչ բոլոր հարցերում են համակարծիք լինում»:

Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ ընդունված պատժամիջոցներին դեմ էին քվեարկել միայն Թուրքիան եւ Բրազիլիան` կոչ անելով միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթել դիվանագիտական ճանապարհով: