ԵԱՀԿ ներկայացուցչությունը պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով նպաստել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի դադարեցմանը: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:

Դեսպանը հիշեցրել է, որ հուլիսի 22-ին Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Նրանք լուրջ անհանգստություն են հայտնել շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության եւ բռնության աճի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց կանխամտածված սպանության առիթով:

Համանախագահները կողմերին կոչ են արել պարտավորություն ստանձնել՝ խուսափել զոհերից եւ չհարձակվել գյուղերի ու քաղաքացիական բնակչության վրա: Եռանախագահներն արտգործնախարարներին նաեւ կոչ են արել թուլացնել լարվածությունը եւ պահպանել հրադադարի մասին համաձայնագրի պայմանները:

«Ներկայացուցչությունը կողմերին հնարավորություն է ընձեռում ուղղակի բանակցություններ վարել միմյանց հետ՝ դիտարկումների ժամանակ օգտագործելով ԵԱՀԿ շրջագիծը, ինչպես նաեւ պարզել անհանգստացնող հարցերն ու աջակցել ցանկացած միջոցառումներին, որոնք կողմերն օգտակար կհամարեն նման դեպքերի թվի նվազեցման համար»,- ընդգծել է Կասպշիկը: