Չինաստանն առաջիկայում կարող է դառնալ աշխարհում գարեջրի խոշորագույն շուկան: Այս մասին են վկայում Euromonitor International-ի ուսումնասիրության արդյունքները:

Կազմակերպության փորձագետների գնահատմամբ, 2017 թվականին Չինաստանի գարեջրի շուկայի ծավալները կգերազանցեն ամերիկյան շուկայի ծավալներին, որը ներկայում համարվում է աշխարհում խոշորագույնը: «Вести Экономика»-ի փոխանցմամբ, անցյալ տարի Չինաստանն ԱՄՆ-ին արդեն գերազանցել է գարեջրի իրացման ծավալներով:

2013 թվականին Չինաստանի գարեջրի շուկան կազմել է 79%՝ ԱՄՆ-ի նույն շուկայի համեմատ: Euromonitor-ի փորձագետների կանխատեսմամբ, այս ցուցանիշը 2017 թվականին աճելու է 45%-ով, ինչի արդյունքում Չինաստանը դառնալու է աշխարհում գարեջրի շուկայի առաջատար:

Չինաստանում վերջին տարիներին գարեջրի սպառման կտրուկ աճ է գրանցվել: Մասնագետներն այս դինամիկան բացատրում են աճող քաղաքաբնակների թվի եւ բնակչության եկամուտների աճով, ինչպես նաեւ մի շարք մակրոտնտեսական եւ ժողովրդագրական գործոններով: