NEWS.am-ը որոշ կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում աշխարհագրագետ եւ քաղաքագետ Մանլիո Դինուչիի՝ «Voltaire Network» կայքում հրապարակված հոդվածը: ՆԱՏՕ-ն այս ամառ արձակուրդ չունի: Սեպտեմբերի 4-5-ը Ուելսի Նյուփորթում նախանշված պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՆԱՏՕ-ն «ռազմավարական ադապտացման» ծրագիր է կազմելու հակառուսական քայլերի համար: Ինչպես արդեն հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ամերիկյան գեներալ Ֆիլիպ Բրիդլավը, դա «գումար, ժամանակ եւ ջանքեր է արժենալու»: Աշխատանքն արդեն սկսված է:
Մինչ Ուկրաինայում ՆԱՏՕ-ն ավելի ինտենսիվ դասընթացներ է անցկացնում Կիեւի զինված ուժերի համար՝ Վաշինգտոնի կողմից տրամադրված 33 մլն դոլարի չափով ֆինանսավորմամբ, նրանք վերականգնում են հարավային շրջանում զինվորական երեք օդանավակայանների գործունեությունը, որոնք օգտագործվում են դաշինքի ռեակտիվ կործանիչների կողմից: Լեհաստանում բլոկն արդեն ուսումնավարժանքներ է անցկացրել ամերիկյան, լեհական եւ էստոնական դեսանտայինների համար: Հունգարիայում, Ռումինիայում, Բուլղարիայում եւ Լիտվայում էլ շարունակվում են ՆԱՏՕ-ի ռազմական տարբեր գործողությունները:
Վրաստանում, ուր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը մեկնել է՝ դաշինքին այդ երկրի անդամակցությունն արագացնելու նպատակով, ամերիկյան մասնագետները վերապատրաստում են Աֆղանստանից վերադարձած զինծառայողներին, որպեսզի նրանք գործեն Կովկասում: Ադրբեջանում, Տաջիկստանում եւ Հայաստանում դաշինքը մարզում է ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո աշխատելու համար ընտրված ուժերին, որի շտաբ-կայանում արդեն այդ երկրներից սպաներ կան: Աֆղանստանում ՆԱՏՕ-ն վերափոխելու է պատերազմը՝ այն վերածելով «գաղտնի գործողությունների» շարքի:
Արեւելյան Եվրոպայում (նույնիսկ նախկին Խորհրդային միության տարածքում) եւ Կենտրոնական Ասիայում ընդլայնվելուց հետո Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը հիմա էլ կենտրոնանում է այլ տարածաշրջանների ուղղությամբ: Մերձավոր Արեւելքում ՆԱՏՕ-ն չնայած պաշտոնապես չի ներկայանում, սակայն սողոսկել է՝ Սիրիայի դեմ գաղտնի ռազմական գործողություն իրականացնելու համար եւ պատրաստվում է այլ գործողությունների: Աֆրիկայում 2011 թվականին Լիբիան կործանելուց հետո ՆԱՏՕ-ն անցյալ տարվա մայիսին Ադիս Աբեբայում համաձայնագիր է ստորագրել Աֆրիկյան միությանը ցուցաբերվող ռազմական օգնության մեծացման մասին:
Լատինական Ամերիկայում բլոկը Կոլումբիայի հետ «Անվտանգության մասին համաձայնագիր» է ստորագրել 2013 թվականին, որն արդեն մասնակցում է դաշինքի ռազմական ծրագրերին: Կոլումբիան շուտով կարող է գործընկեր դառնալ: Այս համատեքստում ԱՄՆ-ի հարավային հրամանատարությունը Կոլումբիայում վարժանքներ է անցկացնում Հարավամերիկյան եւ Հյուսիսամերիկյան հատուկ նշանակության ուժերի համար՝ 700 հատուկ ուժայինների մասնակցությամբ:
Խաղաղ օվկիանոսում ներկայում «Rimpac 2014» վարժանքներն են անցկացվում: Դրանք աշխարհի խոշորագույն ծովային վարժանքներն են, որոնք ուղղված են Չինաստանի եւ Ռուսաստանի դեմ: ԱՄՆ-ի հրամանատարության ներքո ուսումնավարժանքներին մասնակցում է 22 երկրի 25 հազար զինվորական՝ 55 նավերով եւ 200 մարտական ինքնաթիռներով: Դաշինքը ներկայացված է ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների եւ Նորվեգիայի ռազմածովային ուժերով, իսկ որպես դիտորդ հանդես են գալիս Իտալիան, Գերմանիան եւ Դանիան:





























