Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը hունիսի 10-ից 11-ը Բրյուսելում մասնակցել է Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող պետությունների ձեւաչափով ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում  պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները միջազգային առաքելությունների վերաբերյալ: Կոսովոյի հարցերով քննարկումների ժամանակ պաշտպանության նախարարներն ընդգծել են առաքելության իրականացման գործում արձանագրված առաջընթացը եւ Կոսովոյում անվտանգության ընդհանուր իրավիճակի բարելավումը: Նախարարները համաձայնել են, որ Կոսովոյում իրականացվող գործողությունը պետք է շարունակել  մինչեւ երկրում անվտանգության եւ կայունության լիարժեք հաստատումը:

Աֆղանստանի վերաբերյալ քննարկվել է անվտանգության ապահովման պատասխանատվությունը աֆղանական մարմիններին փոխանցելու գործընթացը: Որպես կարեւորագույն բաղադրիչ, ընդգծվել է աֆղանական բանակի եւ ոստիկանության ուժերի կատարելագործմանն ուղղված ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությունն ընդլայնելու եւ մարդկային ներուժով համալրելու անհրաժեշտությունը:  Այցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարճատեւ զրույցներ է ունեցել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի եւ Վրաստանի պաշտպանության նախարար Բաչանա Ախալայայի հետ: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը եւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:


Հունիսի 12-ին Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: