Թուրքիայի հայ համայնքը չի կարող դիրքորոշում ունենալ Ջոն Բասին Թուրքիայում ԱՄՆ  դեսպան նշանակելու կապակցությամբ, քանի որ այն որոշակիորեն լուրջ գործոն չէ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի հայ համայնքը ոչ մի կապ չունի երրորդ երկրների որոշումների հետ: «Ի՞նչ կարող ենք մենք անել», - հռետորական հարցադրում կատարեց Արա Գոչունյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ հայերը Ջոն Բասի՝ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնին թեկնածությանը դեմ են արտահայտվել ԱՄՆ կոնգրեսում նրա ելույթների պատճառով, որոնք, նրանց խոսքով՝ նախագահ Բարաք Օբամայի խոստման խախտման մի մասն են կազմում եւ ԱՄՆ նկատմամբ  Թուրքիայի  «բերանի փակման» քաղաքականությունը: