«Ղրղզստանը խաղաղարար օգնության համար դիմել է Ռուսաստանին»,- հայտարարել է երկրի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւան։

«Երեկվանից իրավիճակն անկառավարելի է դարձել, մեզ այլ զինուժ է հարկավոր։ Այդ է պատճառը, որ մենք դիմել ենք Ռուսաստանին»,- ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ ասել է Օթունբաեւան։

Նրա խոսքով, համապատասխան նամակն ուղարկվել է Ռուսաստանի ղեկավարությանը։

Ղրղզստանում ղըրղզների եւ ուզբեկների միջեւ բախումներն սկսվել են հունիսի 10-ին։ Անկարգությունների մասնակիցները իրենց ճանապարհին ավերում են ամեն ինչ։ Երկրի իշխանությունները Օշում եւ Օշի մի քանի շրջաններում արտակարգ իրավիճակ են մտցրել։ Այնտեղ մեծ թվով ուզբեկներ են ապրում, ովքեր լքել են իրենց տները եւ ուղղություն վերցրել դեպի Ուզբեկստանի սահման։ Ուզբեկստանն արգելել է Ղրղզստանի քաղաքացիների մուտքն իր տարածք։